Գլխուղեղի անոթների Դոպլեր/դուպլեքս հետազոտություն (էքստրակրանիալ, ինտրակրանիալ և տրանսնուխալ)
Դոպլեր/դուպլեքս սոնոգրաֆիան կիրառվում է անոթային հիվանդությունների ախտորոշման և ինսուլտի ռիսկի գնահատման նպատակով։ Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել արյան անոթների նեղացումը օրինակ՝ քներակում և ուղեղային զարկերակներում, ինչպես նաև՝ անոթների պատերի աթերոսկլերոտիկ փոփոխությունները։
Այս հետազոտությունը թույլ է տալիս ուսումնասիրել արյան հոսքը ինչպես էքստրակրանիալ (գանգից դուրս), այնպես էլ ինտրակրանիալ (ներգանգային) անոթներում։
Պրոցեդուրայի ընթացքում փոխակերպիչը տեղադրվում է հիմնականում պարանոցի և գլխի մաշկի վրա՝ իրական ժամանակում արյունատար անոթների պատկերներ ստանալու, արյան հոսքի արագությունը և ուղղությունը չափելու նպատակով։ Այս տեղեկատվությունը օգնում է հայտնաբերել արյան անոթների հնարավոր անոմալիաները և խցանումները, որոնք կարող են խաթարել ուղեղի արյան մատակարարումը։
Կլինիկայում կիրառվում են գերմանական արտադրության՝ ամենաժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս տեսանելի դարձնել նույնիսկ անոթի պատի ամենափոքր փոփոխությունները։
Ուլտրաձայնային ախտորոշումը տևում է մոտավորապես 10-20 րոպե։
Գլխուղեղի անոթների դուպլեքս հետազոտությունն անհրաժեշտ է կատարել հետևյալ դեպքերում․
- Գլխացավ, գլխապտույտ կամ գիտակցության կարճաժամկետ կորուստ
- Վերջույթների միակողմանի թմրածություն և խոսքի խանգարումներ
- Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ
- Պարանոցի շրջանում անոթազարկի զգացողություն
- Պարանոցի շրջանում երկարատև և անբացատրելի ցավեր
- Անոթային վիրահատությունից կամ անոթների վրա կատարված միջամտություններից հետո
- Ինսուլտի ռիսկի գնահատման և կանխարգելման նպատակով՝ 40 տարեկանից հետո
